Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում, դրա մասին ես նախկինում ասել եմ, Շուշիում մենք իրար հետ ենք եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Քյարամյանը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել, դեռ ավելին՝ հրամանատարի խնդրանքով, կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում ինքը ինքնակամ այսպես հանդերձավորվել և գնացել համապատասխան աշխատանքներ է տարել՝ ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների։ Նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան՝ 5։30, նույն մեքենայով մենք իրար հետ դուրս ենք եկել, այնուհետև տարբեր խնդիրներ ենք կատարել, նոյեմբերի 7-ի երեկոյան նույն մեքենայով՝ իմ մեքենայով, ինքը խնդրել է, ես իրեն բերել եմ Երևան»,- ասաց Օհանյանը։



