Նոր որոշում. Կբարձրանա հայկական փոխադրողների...

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։

Որոշման ընդունման արդյունքում կբարձրանա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ: Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը, ոլորտում գործունեություն իրականացնողների մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների ներգրավվածությունը կհանգեցնեն ճանապարհային անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը: