Ռուսական «Գազպրոմի» եւ թուրքական երկու ընկերությունների բանակցությունները, կապված գազային պայմանագրերի հետ, որոնց գործողության ժամկետները լրանում են հաջորդ տարի, հայտնվել են հարցականի տակ, քանի որ թուրքական գաղտնի ծառայությունը հետաքննում է Մոսկվայում իբրեւ թե տեղի ունեցած տեղեկությունների արտահոսքի հետ կապված դեպքը։ Թուրքական մամուլում չկան որեւէ մանրամասներ, սակայն ինչպես հայտնում է ICIS-ը, սեփական աղբյուրներին հղում տալով, որոնք տեղյակ են իրավիճակից, մեկ ամիս առաջ թուրքական գաղտնի ծառայությունները հարցաքննել են կասկածյալների, որոնք իբրեւ թե Սեւ ծովում գազի նոր հայտնաբերված գազի պաշարների մասին, ինչպես նաեւ գնի եւ գազի ներկրման հետ կապված տվյալներ են փոխանցել։ Վերջին շրջանում ռուսական գազային հսկան բանակցություններ է վարել երկարատեւ պայմանագրերի շուրջ՝ տարեկան 7,75 միլիարդ խորանարգ մետր մատակարարման ծավալով՝ թուրքական Botas պետական եւ Bosphorus Gaz մասնավոր ընկերությունների հետ։ Հաջորդ տարի լրանում է այս ընկերությունների հետ ունեցած պայմանագրերի գործողության ժամկետները եւ կողմերը քննարկել են ինչպես գործողության ժամկետների երկարաձգման, այնպես էլ գնի հետ կապված հարցեր։ Բանակցությունները սակայն բարդացել են նրանով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը Սիրիական, Լիբիական եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտություններում տարբեր կողմերի են աջակցում։ Հետաքննությունն ամենայն հավանականությամբ կպարզի, թե արդյոք տեղեկատվության փոխանցում կոնկրետ մասնավոր անձանց միջեւ տեղեկությունների փոխանակում է եղել, թե դրանում նաեւ ընկերություններն են ներքաշված։ Հնարավոր է նույնիսկ որ թուրքական կարգավորիչ մարմինը հետ կանչի Bosphorus Gaz-ի լիցենզիան եւ եթե նման բան արվի, ապա «Գազպրոմի» երկու խոշոր պայմանագրեր՝ տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման ծավալով, կհայտնվի հարցականի տակ։ Դրանցից մեկի գործողության ժամկետը լրանում է հաջորդ տարի, մյուսինը՝ 2043 թվականին։ Մեղադրանքի հիմնավորման համար ապացույցները դեռեւս բավարար չեն, սակայն թուրքական իրականությունն այն է, որ բանտերում չափազանց շատ մարդիկ են հայտնվել, որոնց դեպքում էլ մեղադրանքի ապացուցողական հիմնավորումները բավարար չեն եւ չի կարելի ասել, թե արդյոք կոնկրետ այս դեպքն էլ այդպիսիներից մեկը չի դառնա, նկատում են թուրքական մամուլի առանձին հրապարակումների համար տեղեկություններ փոխանցած անանուն, բայց իրազեկ աղբյուրները։



