
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բացի Արցախի կորստից, հազարավոր զոհերից, 150 հազար բռնագաղթածներից, անվտանգային լրջագույն անկումից, մի խոսքով՝ խոշոր փորձանքներից ու աղետներից բացի, որ անցած ավելի քան 7 տարին բերել են Փաշինյանն ու իր թիմը, նրանք էլ ի՞նչ են տվել մեր երկրի ու հասարակության կյանքին:
Մի խոսքով, էլ ի՞նչ են անում, էլի, Փաշինյանն ու իր քպական թիմը. ի՞նչ են իրենց հետ բերել ու դեռ բերում, ի՞նչ են քարոզում, ի՞նչ «մշակույթ» են ներմուծել քաղաքական, հասարակական հարաբերությունների տիրույթ, ի՞նչ օրինակ են ծառայում երիտասարդ սերնդին: Վերջապես, վերը նշվածից բացի էլ ի՞նչ են թողնելու իրենցից հետո առավելագույնը մոտ 9-10 ամիս անց:
Չենք հավակնում համընդգրկուն հետազոտության, այն էլ՝ թերթային հրապարակման սահմաններում, բայց մի քանի ընդգծում ու արձանագրում, կարծում ենք, արժե անել:
Առաջիններից մեկը, որ ակնառու է ու հարկ է ընդգծել՝ ագրեսիան է:
Այո, ագրեսիան ընդդիմախոսների, ընդհանրապես՝ այլ կարծիք ունեցողների, ազգային արժեքներով ու մարդկային արժանապատվությամբ առաջնորդվողների, բանիմաց ու մտածող մարդկանց և շրջանակների նկատմամբ: Ագրեսիվ վարքը, ագրեսիվ արտահայտությունները Փաշինյանի ու իր թիմի գործունեության հետևանքով մեր հասարակական, քաղաքական նիստուկացում դարձել են բացարձակապես «նորմալ» երևույթ: Հասկանալի՞ է, չէ՞, դեգրադացիայի կամ անկման աստիճանը: Այսինքն, հիմա լրիվ «նորմալ» է համարվում նման վարքն ու դրսևորումը: Ու դա վերջին տարիներին ներմուծվել է հետևողականորեն, չափաբաժին առ չափաբաժին: Եվ այդ «գործում» անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Սկսած «ասֆալտին փռելուց», «պատերին ծեփելուց», «բորդյուր լիզելուց», «շնաբարո դուրսպրծուկներից», վերջացրած բացահայտորեն մուրճ ճոճելով, «ԱԱԾ պադվալները լցնելով», «վիզդ կկտրեմ»-ի հրապարակային ժեստերով ու «մատի փոխարեն այլ բան թափ տալով» և այդպես շարունակ:
Դրան ուղղակիորեն շաղկապված է ու այդ ագրեսիայից են բխում նաև համատարած քաղաքական հետապնդումները, այլ կարծիք հայտնելու համար հալածանքները, որոնք ևս արդեն «նորմալ» են համարվում: Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին բանտարկելը... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է ազգային Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին զազրախոսելը, անվանարկելը, պիտակելը, վիրավորելը: Փաշինյանի ու նրա թիմի նոր «նորմալությունն» է: Ասենք, ինչո՞ւ միայն հոգևորականներին, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր կասեն, որ Փաշինյանի աչքի վերևը հոնք կա, կարելի է վիրավորել, անվանարկել, ինչ ասես՝ ասել, անգամ կարելի է խոշտանգել ու այնպես անել, որ դատարանի դահլիճում մահանա, և դա... «նորմալ» է:
Նմանապես, «նորմալ» է... պետության՝ անհավասարակշիռ վարք դրսևորող, հիստերիկ շարժումներ անող ու տեղի-անտեղի ձայնը գլուխը գցած խոսող ղեկավար ունենալը:
Ի՜նչ ազգային արժեքներ, ի՜նչ պատմություն, ի՜նչ մշակույթ, ի՜նչ եկեղեցի, ի՜նչ հեղինակություններ: Կարելի է ամեն ինչ տրորել, հավասարեցնել ցեխին ու ցեխակոլոլ անել ու դա... «նորմալ» է: Կարելի է Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալ, և դա... «նորմալ» է: Կարելի է հրաժարվել Արարատից, ու դա... «նորմալ» է: Կարելի է ուրանալ Արցախը, հանձնել այն, արցախցիներին տնազուրկ անել, , ու դա... «նորմալ» է:
Ի՞նչ է, կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե նշվածները Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «նվաճումները» չեն:
Հաջորդը. արդեն «նորմալ» է քաղաքական շահերի համար քրեականով «ընտանիք(ներ) մտնելը»: «Նորմալ» է նույնիսկ նախկին կուսակցի հեռախոսի անձնական գրագրությունը քչփորելն ու այն հանրայնացնելը: «Նորմալ» է ընտանիքը քաղաքականություն մտցնելն ու «փիառի» առարկա դարձնելը, այդ թվում՝ երեխաներին:
Հա, ու «նորմալ» է հազարավոր այլ երեխաների, երիտասարդների տանել ու մահվան մատնել, հետո «դերասանություն անելով»՝ ասել, թե՝ խոնարհվում եմ նահատակների շիրիմներին: Բայց, միաժամանակ, «նորմալ» է... զոհվածներին պլ յուս-մինուս 50-ով նշելը: Ու արդեն լրիվ «նորմալ» է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելուց հետո կանգնել թիվ 1 ամբիոնի մոտ ու դեմքի էպիկական արտահայտությամբ հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:
«Նորմալ» է:
Նաև «նորմալ» է, որ կարելի է երկիրը փորձանքի մատնել, ասել, թե՝ առաջնորդվում ես վճռականորեն սխալվելու իրավունքով: Այդպես «վճռականորեն սխալվելով» կորուստներ բերել, հետո կանգնել-ասել, թե՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ», ու դա... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է շարունակ սխալվելու իրավունքից խոսել, բայց անվերջանալի «կռուտիտներով» ներկայանալ կամ փորձել երևակվել որպես... անսխալական:
Ի՜նչ բարոյականություն, ի՜նչ էթիկայի նորմեր, ձե՞ռք եք առնում, ի՞նչ է:
«Նորմալ» է նաև քինախնդրությունը, ընդ որում, ոչ միայն նորմալ է, այլև համակիրառելի... Այ, ժամանակին դիպլոմ չէիք տվել, դե՝ հիմա տեսեք, թե ձեր բուհն ինչ կդառնա: Ու, ընդհանրապես, բոլորդ գնացեք «ակադեմիական քաղաք»... Ինձ բան էիք ասե՞լ (կարևոր չէ՝ որ թվականին), դե՝ հեսա կտեսնեք ձեր հալը, «իմ ձևով» կլուծեմ հարցերը: Ա՜, դու իմ sms-ով մանդատը վայր չես դնո՞ւմ, լա՜վ, դե հիմա տես...
Ու տեսնում ենք ու տեսնում:
Փաշինյանն ու իր թիմը ներարկում են հանրային կյանք, որ թերուս կամ ընդհանրապես տգետ լինելը «նորմալ» է: Ոչ միայն «նորմալ» է, այլև ընդհանրապես խնդիր չի: Անձեռնահասությունը «նորմալ» է:
Անպատասխանատվությունը «նորմալ» է: Այն ոչ միայն նորմալ է, այլև արդեն նորմ է:
Ի՞նչ մնաց:
«Նորմալ» է հայրենիքը հանձնել ու ասել, թե պետություն ձեռք բերեցինք:
«Նորմալ» է երկիրը դնել թշնամական թելադրանքի տակ ու ճամարտակել ինքնիշխանությունից:
«Նորմալ» է թշնամի ու գործնականում ցեղասպանության ոճիրը շարունակող երկրի ղեկավարի հետ նկարվել՝ նրա ծավալապաշտական գիրքը հուզաթաթավ կրծքիդ սեղմած ու դա անվանել «հարաբերությունների նոմալացում»:
«Նորմալ» է...
Բայց՝ ստո՛պ:
Մեծ հաշվով, այդ կարծեցյալ «նորմալությունը» կամ փաշինյանական «նոր նորմալությունն» իրականում տոտալ աննորմալ է: Ավելին, կա տպավորություն, որ դեպքերի ընթացքը մոտենում է աննորմալության ծայրահեղ կետին, որը հանդուրժողականության վերջին կանգառն է:
...Գիտեք, երևի Նեպալի արդեն նախկին կառավարիչներն էլ էին համարում, որ սոցցանցերը արգելափակելն ու կոռումպացվածությունը նորմալ են: Հայաստանը, այնուամենայնիվ, Նեպալ չէ, բայց... գնացեք կայարանամերձ հրապարակ և ուշադիր զննեք Երվանդ Քոչարի գլուխգործոցը: Ուշադիր նայեք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում