Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և երկաթե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Մասիսի շտապօգնությանբժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Հրշեջ-փրկարարները վիրավորներին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են:



