Կիպրոսի հունական իշխանությունները մերժում են կիպրացի թուրքերին ինքնիշխան հավասարություն շնորհելու վերաբերյալ Անկարայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) իշխանությունների գաղափարը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության կառավարության՝ նախարարի պաշտոնում պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսը՝ ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ երկուշաբթի արված հայտարարությանն այն մասին, որ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն այժմ հնարավոր են միայն կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյության ճանաչման սկզբունքի հիման վրա:
Ըստ Պելեկանոսի՝ Նիկոսիան «կշարունակի ուշադրություն դարձնել (Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական համայնքի իշխանությունների) սադրիչ գործողություններին եւ դիրքորոշումներին, ինչպես նաեւ՝ հավասար ինքնիշխան իրավունքների ճանաչման նրանց անընդունելի պահանջներին»:
«Մեր կողմից, չխոնարհվելով որեւէ սպառնալիքի կամ մարտահրավերի առջեւ, մենք շարունակելու ենք լուծում գտնելու մեր ջանքերը՝ հատկապես կարեւորելով այն ամենը, ինչ նախատեսված է միջազգային իրավունքով։ Մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը՝ կիպրացի թուրքերը, արձագանքեցին օկուպացման մեջ գտնվող մեր տարածքը լիակատար վերահսկողության տակ առնելու Անկարայի անհեռատես փորձերին»,- ասել է նա։
Պելեկանոսը հավելել է, որ կիպրական կողմը կշարունակի Կիպրոսի հարցի շուրջ բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու եւ լուծմանը վերադառնալու ջանքերը՝ հիմնված (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ բարձր մակարդակի համաձայնագրերի դրույթների վրա։ Այս որոշումը, նրա խոսքով, պետք է օգուտ բերի կղզու երկրի բոլոր քաղաքացիներին եւ Կիպրոսը «ժամանակակից եվրոպական պետություն դարձնի՝ առանց օտարերկրյա զորքերի եւ երրորդ երկրների երաշխիքների անախրոնիկ համակարգի»:



