Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները...

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: