Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղե...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ։

Ուրախությամբ արձանագրում եմ, որ երկկողմ հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակում: Այդ մասին են վկայում տարեցտարի խորացող քաղաքական երկխոսությունը, փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:

Միևնույն ժամանակ վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ կարող ենք մեր փոխգործակցությունը բարձրացնել ռազմավարական մակարդակի, որի կապակցությամբ հայտնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունն այդ ուղղությամբ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»։

ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Վերահաստատում եմ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մակարդակն էլ ավելի բարձրացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը և այդ նպատակին հասնելու համար բոլոր ջանքերը գործադրելու պատրաստակամությունը:

Կրկին շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: