Երեկ հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն ուժայինների մուտքի կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները 70-ամյա Գագիկ Ծառուկյանին պառկեցնում հատակին, իսկ այդ կադրերը հետագայում տարածվում են պաշտոնական հաղորդագրության շրջանակում։
Եթե հաշվի առնենք, որ դրանից հետո ուժայինները շուրջ տասը ժամ շարունակ մնացել են Ծառուկյանի առանձնատանը, դժվար է ենթադրել, որ նրանց հիմնական մտահոգությունը վերջինիս հնարավոր փախուստն էր։ Ավելի շուտ տպավորություն է ստեղծվում, որ գործողությունը պետք է ուղեկցվեր նաև հնարավորինս ցուցադրական ու նվաստացուցիչ կադրերով։
Այս ամենը հիշեցնում է ուղիղ 11 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Գագիկ Ծառուկյանի դեմ սկսվեց լայն քաղաքական արշավ։ Այն ժամանակ նրան փորձում էին հեղինակազրկել կուսակցական ամբիոններից ու հրապարակային վիրավորանքներով, այսօր՝ շատերի գնահատմամբ, նույն նպատակը փորձ է արվում իրականացնել ուժային գործողությունների կադրերի միջոցով։
Հենց այս իմաստով էլ Նիկոլ Փաշինյանը, կարծես, շարունակում է Սերժ Սարգսյանի քաղաքական գործելակերպը։ Փոխվել են իշխանությունները, բայց քաղաքական հակառակորդների նկատմամբ կիրառվող որոշ մեթոդներ ակնհայտորեն հիշեցնում են անցյալը։ Պատահական չէ նաև, որ երկու ղեկավարների քաղաքական գլխավոր հակառակորդների ցանկում հաճախ հանդիպում են նույն անունները։



