Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին։

Վարչապետը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան–Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության հաջող ընթացքի կապակցությամբ։ Փաշինյանը նշել է, որ Դաութիի այցը տարածաշրջան համընկնում է պատմական ժամանակահատվածի հետ՝ հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնք հիմք են ստեղծում Հարավային Կովկասում կայունության, կանխատեսելիության և տարածաշրջանային համագործակցության համար։

Սթիվեն Դաութին, իր հերթին, շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը այդ գործընթացին։

Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և այդ ուղղությամբ հետևողականորեն համագործակցելու համար։ Նշվել է, որ հայ-բրիտանական համագործակցության հիմքում դրված են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։

Քննարկվել են նաև տնտեսական և ներդրումային ծրագրերի հնարավորություններ, բրիտանական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքային և այլ նախագծերում։ Փաշինյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության ակտիվ մասնակցությունը հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։