Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը անում են մի...

Նախկինների կամ ներկաների ընտրություններին չմասնակցելու խոսույթը նիկոլական խոսույթ է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը սնվում նախկին նախագահներից և պետք է նրանք չմասնակցեն ընտրություններին, դուրս գան քաղաքականությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթել Նիկոլ Փաշինյանին։

«Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով։ Կարծում եմ՝ դա հաջողության հասնելու ճանապարհը չի»,–ասաց նա։

Անդրադառնալ;ով խոսակցություններին, որ ինչ–որ փուլում ընդդիմադիրները հենց Արման Թաթոյանին են դիտարկել որպես միասնական թեկնածու պայքարի ժամանակ, Սաղաթելյանն ասաց. «Ես չեմ ուզում վերադառնալ այդ մանրամասներին, քննարկումներ եղել են, Բագրատ Սրբազան այդ հարցին շատ ավելի հանգամանալից կարող է պատասխանել։ Ես էլ որոշ քննարկումների ներկա եղել եմ, բայց երբեք ընդդիմադիր դաշտի որեւէ ուժ՝ նոր, հին, նախկին, մեզ համար թիրախ չի եղել և չի լինելու։ Ափսոսում եմ, որ իրենց մուտքը սկսում են նման խոսույթով»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը իրենց համար ամենահարմար ընդդիմությունն է, Իշխան Սաղաթելյանը նկատեց. «Եթե այդքան հարմար ընդդիմություն ենք, գիշեր–ցերեկ ինչի են ձերբակալում։ Ընդդիմադիր դաշտից 60 քաղբանտարկյալ կա էս պահին։ Եթե այդքան հարմար է այսօրվա խորհրդարանական ընդիմությունը, ինչու՞ են այսքան հալածում։

Գուցե մնացածը հարմարվել են իրավիճակին, դրա համար իրենց հետևից չեն գնում, իսկ գուցե Նիկոլը այդ խոսույթը դնում է շրջանառության մեջ, ու ընդդիմադիր դաշտում էլ որոշները դա կրկնում են Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու համար։