Նիկոլ Փաշինյանի կադրային վերջին տեղաշարժերը վկայում են այն մասին, որ Հայաստանի գործող վարչապետը ակտիվ կերպով պատրաստվում է արտահերթ ընտրությունների եւ նախընտրական թոհուբոհի մեջ է ինքն իրեն դրել։ ՀԱԿ-ին հարող անձանց նշանակումները կարեւոր պաշտոնների, ՀԱԿ-ի կապավոր Արսեն Թորոսյանին ամեն կերպ իր կողքին պահելու ձգտումը խոսում է այն մասին, որ գործող վարչապետն ինչ որ հեռահար նպատակներ ունի ՀԱԿ-ի հետ համագործակցության, հնարավոր է նաեւ՝ կոալիցիայի կամ դաշինք կազմելու։
Շատ ավելի հետաքրքրական էր Առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանին նշանակումը եւ հատկապես այն փաստը, որ Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը հանդիսանում է Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից՝ «Ռեմա»-ի հովիվներից է։
Որքան կարելի է հասկանալ, այն բնույթով բողոքականությանը հարող քրիստոնեական կրոնական կազմակերպություն է (միտումնավոր խուսափում ենք «աղանդ» ձեւակերպումից՝ մարդկանց կրոնական ապրումները չվիրավորելու համար)։ Ընդ որում, դասական բողոքականությանը՝ լյութերականությանը կամ կալվինականությանը չի պատկանում եւ ավելի նոր է։
Այս իրողությունը բավական ուշագրավ է, քանի որ ըստ ամենայնի, այս նշանակումով Նիկոլ Փաշինյանը ռեւերանս է անում ոչ-առաքելական հավատացյալների ուղղությամբ, ամենայն հավանականությամբ նրանց որպես ընտրազանգված իր կողմն առաջիկա արտահերթ ընտրություններում ներգրավելու միտումով։ Հաշվի առնելով նաեւ այն, որ Առաքելական եկեղեցին եւս միացել է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, այս քայլով Փաշինյանը նաեւ որոշակի ակնարկներ է անում, փորձելով ստեղծել հասարակության մեջ Առաքելական եկեղեցու դեմ կրոնական հակակշիռ։



