Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագա...

ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Վագանկովյան գերեզմանատանը», - ասել է գործակալության աղբյուրը։

Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին՝ 100 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 

Որպես մարզիչ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։ 

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։ 

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։