
Վրաստանում Նիդեռլանդների դեսպանությունը հայտարարել է MATRA ծրագրին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցության ժամանակավոր դադարեցման մասին՝ «երկրում իրադրության արագ վատթարացման և վրացական իշխանությունների գործողությունների հետ կապված մտահոգությունների» ֆոնին։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում։
MATRA-ն Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ծրագիր է, որն ուղղված է ժողովրդավարական բարեփոխումների աջակցությանը և իրավական պետության ամրապնդմանն Արևելյան Եվրոպայի երկրներում, ներառյալ՝ Վրաստանում։
«Ծրագրի ժամանակավոր դադարեցումը դարձել է երկրում իրադրության սրընթաց վատթարացման հետևանքը՝ Վրաստանի իշխանությունների՝ լուրջ մտահոգություն առաջացնող գործողությունների պատճառով։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկրում իրավիճակը կբարելավվի, և ապագայում մենք կրկին կկարողանանք ողջունել վրացի մասնակիցներին», - ասվում է սոցիալական ցանցում դեսպանության հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում, «սա, իրոք, դժվար որոշում էր», քանի որ Նիդեռլանդները «շատ տարիներ եղել է Վրաստանի հուսալի աջակիցն ու գործընկերն օրենքի գերակայության ամրապնդման գործում»։
Դեսպանության տեղեկատվությամբ՝ MATRA-ի «Օրենքի գերակայության ուսուցման ծրագրի» շրջանակներում վերապատրաստվել է մոտ 200 վրացի պետական ծառայող, ինչը նպաստել է երկրում մի շարք պետական ինստիտուտների ամրապնդմանը։
MATRA ծրագիրը հիմնվել է 1993 թվականին։ Սկզբում այն նպատակաուղղված էր աջակցելու սոցիալական փոխակերպմանը հետխորհրդային երկրներում, բայց հետագայում կենտրոնացել է նաև ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացմանն օժանդակելու վրա: