ՆԳՆ ոստիկանության կողմից պահպանությունը կիրակ...

Կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 27-ի նիստում հավանության է արժանացրել որոշում, որով՝

1) սահմանվել են օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչներ, որոնք մինչ այժմ բացակայել են,
2) վերանայվել է նշված չափորոշիչների հիման վրա Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը,
3) հստակ կտարանջատվի շենքերի և շինությունների պահպանության ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր և պետական հատվածների գործունեությունը և կձևավորվի պատշաճ մրցակցային միջավայր։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն:

«Որոշումն ընդունվել է Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում։ Իրականացված համակողմանի ուսումնասիրությունների և միջազգային փորձի հիման վրա որդեգրվել է նոր մոտեցում։ Մասնավորապես, Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պահպանությունը կիրականացվի միայն այն օբյեկտներում, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին՝ գործնականում ունենալով այդպիսի պահպանության իրական անհրաժեշտություն։ Այլ օբյեկտների պահպանության գործընթացում կմեծանա լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների ներգրավվածությունը։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։ Մինչ այդ, մասնավոր պահնորդական կազմակերպությունները հնարավորություն կունենան՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, որպեսզի բավարարեն շենքերի և շինությունների պահպանության աճող պահանջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ: