«Ներքնաշորերի մեջ մի մտեք». «Հանրային ձայնը»...

Ավագանի լինելը միայն բոյկոտելը չէ, այլ գործ անելն է, բյուջե տապալելը քաղաքն ավելի վատ վիճակի հասցնելն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

«Սա ասում եմ, որ հասկանալի լինի, թե ինչ կարող է լինել, եթե մենք ընդամենը գանք նիստերի օրը եւ շոուներ սարքենք»,-ասաց նա:

Տեղից ավագանու անդամներից մեկը փորձեց միջամտել, ինչին Ավագյանն արձագանքեց. «Ձայն չլսեմ հանկարծ իմ խոսելու ժամանակ, սա ձեր ԱԺ-ն չէ, ձեր սենյակը չէ, հանգիստ պահեք ձեզ»:

Նա շարունակեց. «Կարմիր գծերին անդրադառնալով, նախ պետք է հասկանալ, թե ինչու է խցանում Երեւանի կենտրոնում: Անտարբերության էր մատնված տրանսպորտը տարիներ շարունակ: Դա կարող էր փոխվել Հայկ Մարությանի ժամանակ, բայց չփոխվեց:

Բոյկոտելով ոչ մի բան չի փոխվի, նույն խցանումները մնալու են: Ի տարբերություն մյուսների, մեր խմբակցությունը որոշ լուծումներ էր առաջարկում խցանումներից ազատվելու համար:

Պարոն քաղաքապետ, հիշեցնեմ ձեզ, որ դուք մինչեւ այս տարվա վերջ խոստացել էիք տրանսպորտը միասնական համակարգ ունենար: Երբ լիներ այդ համակարգը, նոր կարմիր գծերի փոփոխությունն արդյունք կտար: «Հանրային ձայնը» պայման է դնում քաղաքապետին. Եթե այս նախագիծն ընդունվի, երեք ամիս հետո, եթե բան չփոխվեց քաղաքում, ընդհանրապես հանվեն կարմիր գծերը քաղաքից: Ես ձեզ տալիս եմ այդ շանսը այս պահանձով: Եվս մեկ պահանջ «Հանրային ձայնի» կողմից. բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար (նկատի ունի Վարդան Ղուկասյանին՝ Դոգին-խմբ), որը շատ կոռեկտ շփվելու է եւ վարչության պետերի եւ թաղապետերի հետ: Այս դեպքում կշարունակենք կառուցողական աշխատանքը»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Շանտաժի մեթոդով ինձ հետ կամ մեր խմբակցության հետ աշխատելը ամենսխալ մեթոդն է, մենք այդ մեթոդին չենք տրվում: Մենք որեւէ խտրականություն չենք դնում, բայց եւ ես սա ուզում եմ հանրայնորեն ասել, մարդկանց, որոնք պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի, ներքնաշորերի մեջ պետք է մտնեն, եւ ամենացածր մակարդակի շանտաժներով պետք է ինչ-որ բաներ պարտադրեն, իմ վերաբերմունքը նման մարդկանց շատ բացասական է: Հետեւապես արտոնյալ պայմաններ այդ տեսակ մարդկանց համար չկան եւ չեն կարող լինել: Սա իմ սկզբունքային մոտեցումն է՝ անկախ ավագանու կազմից ու քաղաքական կոնյուկտուրային»: