Ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների...

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության ROTOBO (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Ռոտոբո ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։ Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը։

Հանդիպման ընթացքում ROTOBO ընկերության կողմից ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց (Network for Investment Environment Improvement) ստեղծելու նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Ցանցի նպատակն է խթանել առևտուրն ու ներդրումները երկու երկրների միջև։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և միմյանց փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն»,- նշված է գրառման մեջ։