ՆԱՏՕ-ն «վաղուց ծրագրված» միջուկային զորավարժո...

ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ «վաղուց ծրագրված» միջուկային զորավարժություններ կանցկացնի՝ չնայած Ուկրաինայում պատերազմի պատճառով լարվածության աճին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է AP-ն։

Զորավարժությունները, որոնք կոչվում են «Ուժեղ կեսօր», ամենամյա են եւ սովորաբար տեւում են մոտ մեկ շաբաթ: Դրանց մասնակցում են կործանիչներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ, բայց ոչ մարտական ռումբեր: Պարբերաբար մասնակցում են նաեւ սովորական ռեակտիվ ինքնաթիռներ, ինչպես նաեւ հետախուզական եւ լիցքավորող ինքնաթիռներ։

Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից 14-ը։ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունների հիմնական մասը կիրականացվի Ռուսաստանից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա։

«ՆԱՏՕ-ի վճռական, կանխատեսելի պահվածքը, մեր ռազմական հզորությունը՝ էսկալացիան կանխելու լավագույն միջոցն է»,- ասել է նա: «Եթե մենք հիմա հող ստեղծեինք որոշ թյուրիմացությունների համար, բոլոր դաշնակիցներին պաշտպանելու մեր պատրաստակամության վերաբերյալ Մոսկվայի սխալ հաշվարկների համար, մենք կավելացնեինք էսկալացիայի վտանգը»:

Սթոլթենբերգը Պուտինի «միջուկային հռետորաբանությունը» որակել է որպես «վտանգավոր եւ անխոհեմ», եւ ընդգծել է, որ դաշնակիցները «Ռուսաստանին հասկացրել են նաեւ, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում լուրջ հետեւանքներ կունենա»։ «Մենք ուշադիր հետեւում ենք Ռուսաստանի միջուկային ուժերին»,- ասել է Սթոլթենբերգը։ «Մենք Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն չենք տեսնում, բայց պահպանում ենք զգոնությունը»։