Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ ԱՄՆ պ...

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և ԱՄՆ-ին բավարարող ցանկացած համաձայնություն պետք է երաշխավորի այս պայմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսի հետ մամուլիս ասուլիսի ժամանակ։

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ՝ պարզ և հստակ։ Մանրամասների մեջ չեմ խորանա՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ, բայց կարող եմ ասել հետևյալը՝ նրանք երբեք չեն ունենալու միջուկային ծրագիր, և ցանկացած պայմանավորվածություն, որը կբավարարի Միացյալ Նահանգներին, պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա. սա է մեր դիրքորոշումը», - նշել է նա։

Պետքարտուղարը նաև հավելել է, որ եթե Իրանը զարգացներ իր կարողությունները, ապա մի օր կներկայանար աշխարհին սպառնալիքներով։

«Ահա թե ինչի էին նրանք ձգտում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը երբեք թույլ չէր տա, որ դա տեղի ունենար», - շեշտել է նա։

Ռուբիոն նշել է, որ Թրամփը ոչնչացրել է Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագիրն ու արտադրական կարողությունները, ինչպես նաև հրթիռային ներուժը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։

«Այսօր նրանք ռազմական առումով շատ ավելի թույլ են, քան նախկինում», - նշել է նա։

«Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա՝ քանի դեռ նախագահ Թրամփը պաշտոնավարում է, և մեզ համար սա հստակ սահմանագիծ է», - հավելել է պետքարտուղարը։

Ռուբիոն նաև նշել է, որ Իրանը նախկինում բազմիցս հնարավորություն է ունեցել պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ հարցերի շուրջ, սակայն չի արել դա։ «Այժմ նրանց սպառնում են կործանարար պատժամիջոցներ», - շեշտել է նա։

«Հորմուզի նեղուցը բաց է։ Այժմ այնտեղով գրեթե նույնքան նավթ է անցնում, որքան մինչև այս հակամարտության սկսվելը։ Նրանք լիովին կորցրել են վերահսկողությունը նեղուցի և սեփական տնտեսության նկատմամբ։ Իրանի տնտեսությունը հայտնվելու է այնպիսի ծանր վիճակում, ինչպիսին քիչ երկրներ են ունեցել աշխարհում։ Եվ դրա պատճառը արմատականների կողմից կայացված որոշումներն են, որոնք իրանցի ժողովրդին դրել են այս իրավիճակում։ Նրանք իրենց միջոցները ծախսում են հրթիռների վրա, մինչդեռ պետք է դրանք ուղղեին սեփական ժողովրդի բարեկեցությանը. փոխարենը՝ նրանք գումարները ծախսում են ահաբեկչության և զենքի վրա։ Հուսանք՝ իրավիճակը կփոխվի», - նշել է Ռուբիոն։

Նա նաև բարձր է գնահատել Աթենքի հետ հարաբերությունները՝ նշելով,  որ Հունաստանը կայունության աղբյուր է անկայուն աշխարհում։

«Հունաստանը նաև մեր մերձավոր ռազմավարական գործընկերն է անվտանգության ոլորտում՝ պայքարելով զանգվածային միգրացիայի, անդրազգային հանցավորության և դրա հետ կապված սպառնալիքների դեմ», - նշել է նա։

Հունաստանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգների և Հունաստանի միջև ռազմավարական երկխոսությունը դարձել է հաստատուն, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը, ինչպես նաև համատեղ հանձնառությունը՝ խորացնելու, ամրապնդելու անդրատլանտյան կապը միջազգային և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խթանելու համար։

«Ինչ վերաբերում է մեր պաշտպանական համագործակցությանը, փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը հիմնական երկկողմ պայմանագիրն է, որը կարգավորում է մեր հարաբերությունները»,- նշել է նախարարը։