ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են Էստոնիա

 ՆԱՏՕ-ի առաջին մշտական ​​ռազմածովային խմբի նավերը պլանավորված այցի շրջանակներում այսօր ժամանել են Տալլին: Այդ մասին  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Տալլին են ժամանել ՆԱՏՕ-ի 1-ին մշտական ​​ռազմածովային խմբի նավերը՝ Գերմանիայի ռազմածովային ուժերի Brandenburg ֆրեգատը և պորտուգալական Bartolomeu Dias ֆրեգատը: Տալլին այցը թույլ կտա նավերի անձնակազմերին դադար ստանալ՝ հաջորդ առաջադրանքներին պատրաստվելու համար, ինչպես նաև շփվել էստոնացի գործընկերների հետ», - նշվում է Էստոնիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Անցյալ անգամ ՆԱՏՕ-ի առաջին մշտական ​​ռազմածովային խմբի նավերն Էստոնիա էին այցելել 2022 թ. նոյեմբերին։

ՆԱՏՕ-ի առաջին մշտական ​​ծովային հակաականային խումբը դաշինքի ​ռազմածովային ուժերի չորս մշտական ​խմբերից մեկն է, որի խնդիրն ականների չեզոքացման գործողությունների անցկացումն է: Այս խումբը, որը մտնում է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմի մեջ, ունակ է արագորեն գործողության վայր ժամանել ցանկացած տարածաշրջանում։ Էստոնիայի ռազմածովային ուժերի նավերը ՆԱՏՕ-ի հակաականային խմբի կազմում գործում են ավելի քան տասը տարի։

ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի խմբերը գտնվում են մշտական ​​պատրաստության վիճակում: Ռազմածովային նավատորմի խմբավորումներն ունակ են գործողություններ իրականացնել ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում և իրենց գործողություններով ապահովել դաշնակիցների ներկայությունը և հակազդման պատրաստության մշտական ​​բարձր մակարդակը։