ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է Թուրքիա...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն առաջարկել է Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել, Անկարան սպասում է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր պայմանների պատասխանին, ասել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իրավիճակն ուշադրության կենտրոնում է պահում, կապի մեջ է մեր պետության ղեկավարի, ինձ հետ։ Նա առաջարկել է անցկացնել տեխնիկական հանդիպում եւ արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Բայց մենք ասել ենք, որ առանց մեր գրավոր պայմանների պատասխանի՝ հանդիպումն անիմաստ է»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Anadolu գործակալության խմբագիրների հարցերին:

Ֆինլանդիան եւ Շվեդիան ուկրաինական իրադարձությունների ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու իրենց հայտերը։ Թուրքիան արգելափակել է այս հայտերի դիտարկման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հարաբերությունների վերաբերյալ։