Խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են։ Կիրակի օրը վերջնականապես կձևավորվի նոր Ազգային ժողովը, և շատերն արդեն շտապել են եզրակացնել, թե քաղաքական դաշտում, ըստ էության, ոչինչ չի փոխվել։ Նույն իշխանությունն է, նույն ընդդիմությունը, նույն մթնոլորտը։ Սակայն նման գնահատականը չափազանց մակերեսային է։ Եթե փորձենք նայել ոչ թե պաշտոնների, այլ քաղաքական գործընթացների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ ընտրություններից հետո ձևավորվել են մի շարք կարևոր իրողություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ առաջիկա տարիների քաղաքական կյանքի վրա։
Առաջին և ամենակարևոր փոփոխությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում հասարակության բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է խորհրդարանական մանդատների բաշխումը, քաղաքական իրականությունն այն է, որ իշխանությունն այլևս չի կարող պնդել, թե ներկայացնում է ժողովրդի անվիճելի մեծամասնության կամքը։ Սա լրջագույն հոգեբանական և քաղաքական փոփոխություն է։ Եթե ընդդիմությունը կարողանա գործել համակարգված, հետևողական և երկարաժամկետ ռազմավարությամբ, ապա առաջիկա տարիներին այդ հանգամանքը կարող է դառնալ իշխանության նկատմամբ հանրային դժգոհությունը քաղաքական արդյունքի վերածելու կարևոր նախադրյալ։
Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ այս ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ընտրություններից հետո չկրկնեց անկախ Հայաստանի քաղաքական կյանքի համար արդեն սովորական դարձած սցենարը։ Տասնամյակներ շարունակ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը, որպես կանոն, սահմանափակվել են մի քանի հայտարարություններով, այնուհետև փաստացի անհետացել քաղաքական առօրյայից՝ ընտրողներին հիշելով միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին։ Այս անգամ, առնվազն այս պահին, պատկերը տարբեր է։
Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ «Ուժեղ Հայաստանը» շարունակում է այցելել մարզեր, հանդիպել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները և, հնարավորության սահմաններում, սեփական միջոցներով մասնակցել դրանց լուծմանը։ Այո՛, արդարացի է նաև այն դիտարկումը, որ առաջին այցելությունները հիմնականում կատարվում են այն համայնքներ, որտեղ կուսակցությունը ստացել է բարձր աջակցություն։ Սակայն դա ռազմավարական անլուծելի խնդիր չէ։ Եթե նույն ակտիվությունը տարածվի նաև այն մարզերի և համայնքների վրա, որտեղ արդյունքները համեստ էին, ապա քաղաքական աշխատանքի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ կլինի։
Այս ամենից կարելի է անել մեկ կարևոր եզրակացություն։ Եթե «Ուժեղ Հայաստանը» չդադարեցնի այս աշխատանքը, չկտրի կապը հասարակության հետ, յուրաքանչյուր ընտրությունից ընտրություն գոյատևող քաղաքական նախագծի փոխարեն ձևավորվի որպես ամենօրյա քաղաքական ուժ և գործնականում ապացուցի, որ մարդկանց խնդիրների լուծումը նախընտրական կարգախոս չէ, այլ մշտական գործունեություն, ապա հանրության մոտ կարող է սկսվել նոր համախմբման գործընթաց։ Այդ դեպքում Նարեկ Կարապետյանը ոչ թե պարզապես հերթական ընդդիմադիր գործիչը կլինի կամ հեղինակավոր բարերար Սամվել Կարապետյանի եղբոր որդին, այլ տարիների ընթացքում քաղաքական փորձ կուտակած, հանրության վստահությունը քայլ առ քայլ ձևավորած և ընդդիմադիր դաշտը համախմբելու իրական հավակնություն ունեցող գործիչ։



