Գեւորգ Հարությունյան. Երբ մեկնարկում պարտվեցի...

Երբ մեկնարկում պարտվեցի ադրբեջանցի ըմբիշին, սրտիս խորքում ուժեղ ցավ զգացի: Այդ գոտեմարտի ընթացքում ձեռքի վնասվածք ստացա, որն էլ խանգարեց ինձ պայքարել մինչեւ վերջ եւ հաղթել նրան: Հետո հասկացա, որ կարող եմ պայքարել բրոնզե մեդալի համար եւ գնացի մինչեւ վերջ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բաքվում անցկացված Մ-17 աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Գեւորգ Հարությունյանը: Հայաստանի երկու բրոնզե մեդալակիրներ Գեւորգ Հարությունյանը եւ Արարատ Ավետիսյանն ամփոփել են իրենց մրցելույթները:

«Շատ տպավորված եմ իմ առաջին գոտեմարտից, որտեղ մրցում էի ադրբեջանցի մրցակցի հետ եւ պարտվեցի : Ավելին կարող էի, բայց վնասվածք ստացա եւ ձեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ կարողանամ մինչեւ վերջ առաջ գնալ: Դժվար էր նաեւ ղազախ մրցակցի հետ գոտեմարտը: Ձեռքիս վնասվածքը հիմա լավ է: Կվերականգնվեմ:

Երբ մեկնարկում պարտվեցի ադրբեջանցի ըմբիշին, սրտիս խորքում ուժեղ ցավ զգացի: Հետո հասկացա, որ կարող եմ բրոնզե մեդալ նվաճել ու գնացի մինչեւ վերջ: Այդ ժամանակ ձեռքիս ցավին այլեւս չեմ նայել: Միանգամից ուզեցել եմ գոտեմարտեմ, որ բրոնզե մեդալ նվաճեմ»,- ասաց Գեւորգ Հարությունյանը:

Հայաստանի մյուս մեդալակիր Արարատ Ավետիսյանն առաջին ըմբիշն էր, ում պատվին աշխարհի առաջնությունում Բաքվի մարզադալիճում բարձրացավ դրոշը:

«Լարվածություն կար, բայց շատ քիչ էր: Գոհ եմ իմ արդյունքից, որ կարողացա գոնե բրոնզե մեդալ նվաճել: Կուզեի ոսկե մեդալակիր դառնալ: Այս առաջնությունում կառանձնացնեմ ղազախ մրցակցի հետ գոտեմարտս, որտեղ չկարողացա հաղթել նրան: Բարդ տրվեց նաեւ բրոնզե մեդալի գոտեմարտը, բայց հաղթեցի ժամանակից շուտ:

Երբ պարգեւատրվեցի բրոնզե մեդալով, հպարտություն էի զգում, որ այդ վայրում մեր դրոշը բարձրացավ»,- ասսաց Արարատ Ավետիսյանը:

Գեւորգ Հարությունյանը 51 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:0 հաշվով հաղթեց Սաբա Աբաշիձեին: Արարատ Ավետիսյան բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Բենեդեկ Տոմբորին:

Լուսինե Շահբազյան