Ամերիկյան ընկերությունները ավելի քան 800 միլի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվել է ավելի քան 800 միլիոն դոլարի նվիրատվություն կորզել ամերիկյան բիզնես-հսկաներից․ գումարն ուղղվելու է իր «նախասիրած» ոչ առևտրային ծրագրերին, այդ թվում՝ Սպիտակ տանը շքեղ պարահանդեսային դահլիճի կառուցմանը։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան ընկերություններից ֆոնդահայթայթման ամբողջ գործընթացը համակարգում է Մերեդիթ Օ'Ռուրկը, ով ընդգրկված է Թրամփի Trump Media ընկերության տնօրենների խորհրդում։ WSJ-ն շեշտում է, որ գործարար աշխարհի վրա ճնշում գործադրելու և փողեր կորզելու տաղանդի համար Թրամփն անձամբ է նրան կնքել «խավարի արքայադուստր» մականվամբ։

Պարբերականի աղբյուրները փաստում են, որ Թրամփի երկրորդ պաշտոնավարման մեկնարկից ի վեր Softbank-ն արդեն իսկ ավելի քան 50 միլիոն դոլար է փոխանցել նախագահական գրադարանի հիմնադրամին, Apple-ը մոտ 25 միլիոն դոլար է ներդրել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագծում, իսկ Microsoft-ն ու Amazon-ը շուրջ 15-ական միլիոն դոլար են հատկացրել նախագահական այլ նախաձեռնություններին։

Ընդգծվում է, որ նախագահական նախագծերի գլխավոր դոնորներից մեկը Meta ընկերությունն է, որը տասնյակ միլիոնավոր դոլարներ է հատկացնում ԱՄՆ ղեկավարի ծրագրերին: Թերթի հաշվարկներով՝ ընկերությունը Թրամփի նախագծերի համար կարող էր հատկացրած լինել մոտ 60 միլիոն դոլար, ընդ որում՝ Meta-ի ղեկավարները պարբերաբար փոխում են ֆինանսական ռազմավարությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի պահանջները: