Սեուտա ինքնավար քաղաքում սահմանային ճգնաժամը դարձել է ամենախոշորը 2021 թվականից ի վեր և արտակարգ իրավիճակ է ստեղծել ողջ երկրի համար հումանիտար և սոցիալական ոլորտներում։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
Նշվում է, որ Սեուտայի ճգնաժամը նաև քննադատության ալիք է բարձրացրել Իսպանիայի կառավարության միգրացիոն ռազմավարության հասցեին։ Իսպանական իշխանություններից իրենց դժգոհությունն են հայտնել ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը, ով ինքնավար քաղաքում տիրող իրավիճակն անվանել է «ներխուժում», ինչպես նաև գերմանական «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելն ու Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը՝ Մադրիդին կոչ անելով պահպանել ԵՄ Միգրացիոն դրույթները։
Politico-ն հավելել է, որ Իսպանիայի երկու ինքնավար քաղաքները՝ Սեուտան և Մելիլյան, ԵՄ միակ տարածքներն են, որոնք ցամաքային սահման ունեն Աֆրիկայի հետ, որի պատճառով էլ այս տարածքները պարբերաբար վեճերի առիթ են դառնում դաշինքի միգրացիոն քաղաքականության հարցում։ 2021 թվականին Սեուտայի միջոցով Մարոկկոյից մուտք է գործել առնվազն 8 հազար մարդ, ընդգծել է պարբերականը։
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1,5 հազար անօրինական միգրանտ լողալով կամ ցամաքային ճանապարհով Մարոկկոյից ներխուժել է Սեուտա։ Այլ աղբյուրներ խոսում են ընդհուպ մինչև 20 հազար ներթափանցածների մասին, թեև հստակ թվեր դեռևս չեն հրապարակվում։ Ստեղծված օրհասական իրավիճակում Մադրիդը որոշում է կայացրել բանակային ուժեր մտցնել քաղաք՝ կարգուկանոնը վերականգնելու համար։ Հուլիսի 31-ին իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Սեուտա են մեկնում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ու ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։



