Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվե...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով սեպտեմբերի 16-ին դատական նիստ է եղել, որի ընթացքում պաշտպանները, հիմք ընդունելով Նարեկ Կարապետյանին ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ գործուղելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ՝ սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, միջնորդել են վերացնել Կարապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային կիրառված ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, իսկ գրավը՝ 1 մլրդ դրամի չափով՝ մնացել անփոփոխ։

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, քանի որ մեղադրողը նիստից րոպեներ առաջ հայտնել էր, որ չի կարող ներկայանալ։ Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։ Ի դեպ, այս պահին Նարեկ Կարապետյանը գտնվում է Ստրասբուրգում, գործուղումը նախատեսված է մինչև հոկտեմբերի 2-ը։

Նշենք նաև, որ Ալեքսան Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է։ Նրա խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել, ըստ ամենայնի, կքննարկվի վաղը, եթե դատական նիստը կայանա։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ պաշտպանության կողմը միջնորդել է, որ դատական նիստն ընթանա՝ առանց Ստրասբուրգում գտնվող Նարեկ Կարապետյանի մասնակցության, սակայն դատարանը դեռևս դիրքորոշում չի հայտնել։Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։

Ըստ մեղադրանքի՝ նրանց նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին առավել շատ ձայներ ապահովել, ինչպես նաև այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն ստեղծել։

Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։ Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու դրվագով ավելի քան 150 անձ է հարցաքննվել, որոնցից որևէ մեկը չի հայտնել, որ նման առաջարկ եղել է։ Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, ապա կա միայն օպերատիվ տվյալ, ինչը, պաշտպանների պնդմամբ, չի անցել դատական վերահսկողության որևէ երաշխիքով, հետևաբար, այն չի կարող հիմք հանդիսանալ անձին որևէ ենթադրյալ հանցանք մեղսագրելու համար, այն էլ՝ փողերի լվացման։