Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց, թեեւ եթե անկեղծ ասենք, դեռ ավելի վաղ էլ, կիսանախընտրական հանդիպումների մեկնարկով արդեն ոչ միայն ընտրարշավն ազդարարվել էր, այլ լիարյուն կերպով իր հունի մեջ էր մտել։ Առաջիկա օրերին, մինչեւ հունիսի 18-ը, հասարակությունը պետք է ուսումնասիրի բոլոր 27 ուժերի նախընտրական ծրագրերը, գնահատի դրանց իրատեսականությունը եւ ըստ այդմ կատարի ընտրություն։ Ավելացրած, պետք է կատարի ընտրություն այնպես, որ հանկարծ կրկին չվերապրի այն սարսափները, որի միջով դեռ շարունակում է անցնել սկսած անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից։
Զուգահեռաբար նաեւ բավական հետաքրքրական են դառնում ասպարեզ նետվող սոցհարցումները քաղաքացիների քաղաքական նախասիրությունների եւ տրամադրությունների հետ կապված։ Կարելի է ասել, որ հիմա ամենակարեւոր խնդիրը, որը ունի իր առաջ դրած իշխանությունը, անշուշտ վերարտադրվելն է։ Դա օդ ու ջրի պես պետք է Նիկոլ Փաշինյանին, գրեթե այն կարգի, որ կարծես վերարտադրությունն է երաշխիք դառնալու իր ֆիզիկական գոյության համար։
Ընդդիմությունն իր հերթին ունի մեկ խնդիր՝ թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի, իր երազած սահմանադրականության ճանապարհով։ Սրան հասնելու համար ընդդիմությունը պետք է ամեն բան անի, որպեսզի ավելացնի իր կողմնակիցների թիվը, ավելացնի իր պոտենցիալ քվեների թիվը։
Սրան հասնելու երկու տարբերակ կա իրականում
1. Փաշինյանի կողմնակիցների ճամբարից դեպի իր ճամբար մարդկանց բերելով
2. Հասարակության՝ քաղաքականապես դեռ վերջնական որոշում չկայացրած քաղաքացիների հետ աշխատանք իրականացնելով։ Մենք արդեն գրել էինք, որ ընդդիմության համար չափազանց կարեւոր է, որպեսզի Փաշինյանի համակիրների, նրան քվե վստահողների բանակը մաշեցվի ու որեւէ կերպ թույլ չտրվի, որպեսզի նա նույնիսկ հայկական քաղաքական երկնակամարի տակ իր տեղն ունենա, որովհետեւ դա նշանակում է, որ հայաստանյան քաղաքական կյանքում ներկայացված է լինելու թուրք-ադրբեջանական դաշինքը։
Այժմ արդեն ֆիքսենք, որ շատ կարեւոր է նաեւ հասարակության՝ քաղաքականապես դեռ վերջնական որոշում չկայացրած քաղաքացիների հետ աշխատանքը։ Ընտրազանգվածի այս հատվածը, որը բավականին մեծ է /կարող է հասնել մինչեւ 25-30 տոկոսի/ նրանք են, ովքեր սովորաբար պասիվություն են ցուցաբերում ցանկացած համապետական կամ տեղական քաղաքական-ընտրական գործընթացի հանդեպ։ Այլ կերպ ասած՝ այս շերտի մեջ մտնում են ընտրությունների օրը ընտրության չգնացողները։
Այս շերտն, ի դեպ, հանդիսանում է նաեւ իշխանությունների համար թիրախային։ Ու քանի որ գործող իշխանությունները այնքան սխալներ ու մահացու մեղքեր են գործել, որ իրականությունից բացի այլ բան ներկայացնելու կարիք չկա, ընդդիմությունը պարզապես մեկ առ մեկ այս շերտում գտնվողներին հասցնելու է այդ սխալներն ու մահացու մեղքերը, ստեղծելով այնպիսի մթնոլորտ կամ միջավայր, որը կստիպի ընտրությունների օրը նրանց դուրս գալու տանից եւ գնալու ընտրություն կատարելու։
Ի դեպ, նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում, սովորաբար, վճռորոշ են լինում հենց այդ «տատանվող» կամ «քաղաքականապես չկողմնորոշված» նահանգները, եւ հաղթում է այն թեկնածուն, ով կարողանում է շահել նրանց վստահությունը։



