Նախկին պաշտոնյաները տարածքներ են խլել, առանձն...

Այսօր ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձավ Երևանի Ազատության պողոտայի ու դրան հարող Բաբայան փողոցում կառուցված նախկին պաշտոնյաներին պատկանող առանձնատներին։

«Ազատության պողոտայում ու Բաբայան փողոցում խոշոր առանձնատներ ունեն Կարեն Կարապետյանը,  նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, Աղվան Հովսեփյանը, Հայկազ Բաղմանյանը, Սեյրան Սարոյանը, Վարդան Հարությունյանը...

Ի վերջո, 2000-ական թվականներին հանրային սեփականություն համարվող տարածքն ապօրինաբար խլվել է երևանցիներից ու հիմա միլիոնատերերը առոք-փառոք իրենց տունն են կառուցել ու վայելում են», - հայտարարեց Բաբաջանյանը` դիմելով օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնող Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանին:

Բաբաջանյանը հարց ուղղեց Սարհատ Պետրոսյանին ՝ ինչպե՞ս է լուծվելու հարցը։

Ի պատասխան Սարհատ Պետրոսյանը նշեց. «Ես չեմ կարող հաստատել կամ չհաստատել այն տեղեկատվությունը, որ դուք ասացիք։ Մենք խնամքով պահպանելու ենք այդ մարդկանց սեփականության իրավունքը, եթե դրանք օրենքի շրջանակում են։ Մենք նաև խնամքով պահպանում ենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք, միգուցե, մի օր հիմք են հանդիսանալու այդ սխալները շտկելու համար, բայց ես՝ որպես պետական պաշտոնյա, չեմ կարող մտնել այդ դաշտ ու գնահատականներ տալ՝ ինչ-որ մարդկանց կողմից գույք վերցնել-չվերցնելու մասին»։

Նա նա ավելացրեց` եթե լինեն կասկածներ կամ անհրաժեշտ հիմքեր, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի, կդիմեն քննչական մարմիններին, ինչպես արել են մինչ այժմ։