Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակները ամբողջությամբ անկանխիկ են դառնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Ըստ էության, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ։ Հիմա էլ է իրականում կանխիկի թիվը բավական իջնում, և, օրինակ, կարող եմ ասել, որ միայն վերջին մեկ ամսում 10.000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը։ Այս պահին որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ ստացող 661.000 քաղաքացուց կանխիկ ստանում է ընդամենը 60.000-ը, 600.000-ը ստանում է արդեն անկանխիկ։ Այսինքն, տենդենցը ավտոմատ կա, բայց մենք այս որոշումով դա կարագացնենք։
Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1–ից մի պատճառով, որովհետև այդ մեր 60 հազարքաղաքացիները, որոնց մի մասը նաև մեր աջակցության կարիքն են ունենալու կանխիկից անկանխիկացման պրոցեսում, դա լինի հնարավորինս սահուն և անցավ։ Պետք է խնդրեմ մեր գործընկերներին, հատկապես Կենտրոնական բանկի և նաև ՊԵԿ–ի, որպեսզի իրար հետ աշխատենք, ԿԲ-ի դեպքում որոշակի աջակցություն ակնկալելով բանկերի կողմից այդ հարցը լուծելու մասով, իսկ ՊԵԿ–ի կողմից որոշակի բնակավայրերում, որտեղ սովորաբար հրաժարվում են անկանխիկ առևտրից, վարչարարությունը ուժեղացնելու, որպեսզի մեր քաղաքացիները զրկված չլինեն այդ հնարավորությունից»,–ասաց նախարարը։
Նա օրինակ բերեց, նշելով. ««Իրական դեպք եմ ուզում ասել, հենց հիմա կան կույր քաղաքացիներ, կույր, որոնք մեր լիարժեք քաղաքացիներն են, բայց որոնց հրաժարվում են բանկերում, օրինակ, տալ քարտ։ Մենք դեպքերով ահազանգեր ունենք, խնամակալ են ուզում դատարանի վճռով հաստատված, որպեսզի գա իրենց փոխարեն դա ստանան։ Ես ուզում եմ բարձրաձայնել այս հարցը, որպեսզի բոլորս հանձնառություն վերցնենք և այդ հարցը լուծենք, որովհետև այդ տիպի քաղաքացիները ստիպված են եղել մինչ օրս ստանալ կանխիկ և հենաշարժական խնդիրներ ունեցողները նաև, որոնք տնից չեն կարողանում դուրս գալ»։



