
ՀՅԴ ԵՄ երիտասարդները կառավարությանը նամակ հանձնեցին, որում ԿԳՄՍՆ-ում եղած խնդիրներն են բարձրաձայնված:
Նրանք նշեցին, որ վերջին շրջանում ԿԳՄՍ ոլորտներում տարվող աշխատանքները խնդրահարույց են, կայացվել են որոշումներ և ոլորտային քաղաքականության պատասխանատուն՝ նախարարը, ոչ հարիր պահվածք է որդեգրել:
«Բարձրացվող հարցերին չեն տրվել պատճաշ, բովանդակային պատասխաններ, նախարարի պարտականություններն իրականացնող անձն իրեն թույլ է տվել պիտակավորումներ, արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն նախարարին, այլև՝ ցանկացած բարեկիրթ մեկին: Պետական ամենաբարձր մակարդակով հեգնվել է ազգային օրակարգը և հարցեր բարձրացնողները պիտակավորվել են որպես հետադիմության առաջամարտիկներ», - նամակն ընթերցելով՝ ասաց ՀՅԴ երիտասարդներից մեկը՝ հավելելով.
«Նման վարքագծի պայմաններում, անհնար համարելով նախարարության հետ աշխատանքը, դիմում ենք կառավարությանը՝ զգուշացնելով, որ իրեն հեղափոխական հռչակած կառավարության անդամի վարքագիծը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Իր այս պահվածքով կառավարության այս անդամը մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալն ու ստեղծում խնդիրներ, որոնք շեղվում են ազգային օրակարգից»:
Երիտասարդները 15 փաստ ներկայացրին, թե ինչու պետք է հրաժարական տա ԿԳՄՍ նախարարը:
ՀՅԴ-ական Արգիշտի Գևորգյանն ասաց, որ իրենց պահանջը մեկն է՝ նախարարի հրաժարականը:
«Այսուհետ նախարարի հետ խոսելու բան չունենք, պահանջը նախարարի հրաժարականն է, բայց այլևս կառավարությունից, մեր բոլոր հարցերը միայն կառավարության հետ են լինելու», - ասաց նա՝ հավելելով, որ կառավարության հետ պատրաստ են քննարկումների: