
Ուկրաինայի և ԵՄ ղեկավարների հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև անձնական հանդիպման նախապատրաստման մասին։
«Մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն եվրոպական երկրները՝ ԱՄՆ-ի հետ համակարգված։ Այնուհետև ես զանգահարեցի նախագահ Պուտինին և նախապատրաստեցի նրա և նախագահ Զելենսկու միջև հանդիպումը։ Դրանից հետո կլինի եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի նախագահների և իմ միջև»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը մասնակցել էր ԵՄ առաջնորդների ու ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին, հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը նախատեսված է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում։