
Մյանմայում մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է մոտ 1700 մարդ, 3400-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 300 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
7,7 մագնիտուդով երկրաշարժը վերջին հարյուրամյակի ընթացքում Մյանմայի ամենաուժեղ երկրաշարժերից մեկն է եղել։
Դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ զոհերի և տուժածների թիվն, ըստ տեղական իշխանությունների, դեռևս աճելու միտում ունի։
Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել մի կնոջ, որը Մանդալայ քաղաքի Great Wall հյուրանոցի փլվածքներում մնացել է շուրջ 60 ժամ։ Կինը չինական, ռուսական և տեղական թիմերի կողմից 5-ժամյա վիրահատության է ենթարկվել, այժմ նա գտնվում է կայուն վիճակում: Երկրաշարժից երեք օր անց կնոջ փրկությունը փրկարարների մեջ հույսեր է արթնացրել, որ դեռ հնարավոր է գտնել ողջ մնացածների։
Մյանմայի հարևան Հնդկաստանը, Չինաստանը և Թաիլանդը, ինչպես նաև Մալայզիան, Սինգապուրը և Ռուսաստանը օգնություն և անձնակազմ են ուղարկել:
«Ավերածությունները մեծ են եղել, և մարդասիրական կարիքները ժամ առ ժամ ավելանում են», - նշվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները 2 միլիոն դոլարի օգնություն է խոստացել «Մյանմայում գործող մարդասիրական օգնության կազմակերպությունների միջոցով»: Ըստ Վաշինգտոնի հայտարարության, որը մեջբերում է Reuters-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) շտապ արձագանքման խումբը, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ենթարկվում է զանգվածային կրճատումների, տեղակայվում է Մյանմայում:
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ և հանդիսանում միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։