Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրա...

Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։

Նա հստակ ժամկետ չի նշել` հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։

Դանիելյանը հիշեցրել է, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։

«Իրադրությունը երկրում այնպիսին էր, որ եկեղեցին չէր կարող պատերազմից հետո ստեղծված սոցիալական խնդիրները թողած լայնածավալ այլ խնդիրներ իրականացնել, հապճեպ համարել, ասենք, Ազգային ներկայացուցչական ժողովի կամ եկեղեցական ժողովի գումարումը»,– ընդգծել է Դանիելյանը։

Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ազգային եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի, դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ, ընդունում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, սահմանում է եկեղեցական կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը։

Այս ժողովն է սահմանում այլ եկեղեցիների, կրոնական համայնքների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերության հիմնադրույթները, լսում է Ամենայն հայոց կաթողիկոսի, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, ինչպես նաև իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները և, ըստ անհրաժեշտության, կայացնում որոշումներ։ Իր որոշումների իրագործումը վերահսկելու նպատակով անհրաժեշտության դեպքում ձևավորում է համապատասխան հանձնաժողովներ։

Ազգային եկեղեցական ժողովը գումարվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: