Մոսկվան վերահաստատել է Երևանի և Բաքվի հաշտեցմ...

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը։  

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։

Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում։

«Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,- ընդգծել է Գալուզինը։

Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը հարթակ է տրամադրել  հայ-ադրբեջանական շփումների համար։

«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են ընթանում 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, խաղաղության պայմանագրի կնքումից զատ, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, ընդհանուր սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների միջոցով շփումների զարգացում»,- նշել է Գալուզինը: