Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում կրակի դադարեցման հնարավոր համաձայնագրի քննարկմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կրեմլի ծրագրերին ծանոթ հինգ աղբյուրների։
Հինգ ներկայիս և նախկին ՌԴ պաշտոնյաներ, խոսելով Reuters-ի հետ, ենթադրել են, որ Կրեմլը կարող է «ընդհանուր առմամբ համաձայնել» ճակատային գծի երկայնքով հակամարտության սառեցմանը: Եվս երեք աղբյուրների խոսքով՝ բանակցությունները կարող են վարվել Ուկրաինայի չորս նախկին մարզերի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի վերաբերյալ (դրանք Ռուսաստանի կազմ են մտել 2022 թվականի աշնանը տեղի ունեցած հանրաքվեից հետո. Ռուսաստանը բազմիցս հայտնել է, որ դրանց կարգավիճակը քննարկման ենթարկա չէ):
Ռուսաստանը կարող է հրաժարվել Խարկովի և Նիկոլաևի մարզերում ՌԴ զինծառայողների վերահսկողության տակ գտնվող «տարածքի փոքր հատվածներից», հայտնում է Reuters-ը։
Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Մոսկվան բաց է նաև Կիևի անվտանգության երաշխիքների քննարկման համար՝ բացառությամբ ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ իր տարածքում դաշինքի զորքերի առկայության։ Բացի այդ, Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պահանջել համաձայնել սահմանափակել իր զինված ուժերի թիվը և պարտավորվել չսահմանափակել ռուսաց լեզվի օգտագործումը։
Երկու աղբյուր նշել են, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար ATACMS հրթիռներ Ռուսաստանին հարվածելու համար, կարող է բարդացնել և հետաձգել ցանկացած կարգավորում և հանգեցնել Մոսկվայի ավելի կոշտ պահանջների:
Սակայն պաշտոնական Կրեմլը հերքել է հակամարտության սառեցման հավանականությունը: