Մոսկվան իր դեսպանի բերանով հասկացնում, որ ամե...

Նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին անգամ անդրադարձավ եւ հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով զբաղվում է անձամբ Ռուաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Պնախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Դեսպանի կողմից նման հայտարարությունը, ինչ խոսք, չափազանց հետաքրքիր է։ Սովորաբար դեսպանները նման բաց տեքստով չեն հայտարարություններ անում, այն էլ նման զգայուն թեմաների առնչությամբ։ Սակայն դեսպան Կոպիրկինը կարծես թե ունի լուրջ պատճառ նման հայտարարություն անելու։

Նախ, այս հայտարարությամբ հերթական անգամ արձանագրվեց, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը ռուսական հոգածության ներքո են, ինչը նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից որեւէ շահարկում, ռուսական կողմի հաջողությունների որեւէ սեփականացման, յուրացման փորձ լինել չի կարող, հատկապես, երբ Հայաստանի գործող իշխանություններն արդեն ամբողջապես ապացուցել են իրենց ապիկարությունը գերիների վերադարձի հարցում, երբ հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի ջանքերը չարդարացան եւ գերիների թեման մնաց քննարկումների օրակարգից դուրս։ Դեսպանի հայտարարությամբ նաեւ պարզ հասկացվեց, որ այո, հայ ռազմագերները գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց վիճակը դժոխային չէ։

Ավելի պարզ՝ եթե Պուտինը հետաքրքրվում է այս խնդրով՝ Բաքվում հաստատ հայ ռազմագերիների հանդեպ այնպիսի վերաբերմունք չեն որդեգրի, որը հետո արդեն կարող է Պուտին-Ալիեւ հարցուպատասխանի առիթ դառնալ։ Այսինքն՝ նաեւ փակվում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից գերիների վատ վիճակի շահարկման եւ այդ էմոցիոնալ հողի վրա՝ հարցի «ռուսների գրպանը գցելու» բոլոր փորձերը։

Եվ վերջապես, իսկ ինչու դեսպանը նման ուղիղ տեքստով խոսեց։ Ամենայն հավանականությամբ հայաստանյան գործող իշխանությունները կամ դրանց փայատերերից ոմանք, ինչ-որ քայլեր են նախապատրաստում գերիների մասով, որը կարող է այնպիսի հունով տանեն, դառնա շանտաժ՝ գերիների վերադարձի ձգձգումը կարող է բերել հակառուսական տրամադրությունների տրամաբանության մեջ, հետեւաբար, արդեն այժմյանից է Մոսկվան Կոպիրկինի բերանով հասկացնում, որ ամեն ինչից տեղյակ է եւ ավելորդ «խաղիկներ» այս մասով չի հանդուրժի։