Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ եւ մասնակցությունը «Իննոպրոմ 2026» միջոցառմանը՝ սկսել են անվանել ընտրություններից հետո նրա առաջին դիվանագիտական այցը։ Սակայն իրականում Փաշինյանն առաջին այցն իրականացրել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։
Թեհրան ու Եկատերինբուրգ այցերը երկու կարեւոր ազդակ են պարունակում՝ գրում է Սերգեյ Մարկեդոնովը։ «Ըստ էության, հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ էլ անի, աշխարհագրությունից փախչել չի կարող։ Տնտեսական կապերն էլ շարունակում են մնալ կարեւոր՝ անկախ քաղաքական տարակարծություններից կամ հակասություններից։ Կարելի է ինչքան ասես խոսել եվրոպական վեկտորի մասին, սակայն Իրանը շարունակում է մնալ Հայաստանի հարեւանը, որը նաեւ ապահովում է Հայաստանի չորս սահմանակից երկրներից երկու բաց սահմաններից մեկը։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը, եւ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտաքին ողջ առեւտրի 35 տոկոսը»։
Մարկեդոնովը, իհարկե, ճիշտ է արձանագրում։ Սակայն ինքներս էլ մեր կողմից արձանագրենք, որ Ռուսաստան այցով հարցերը կարգավորվել են՝ սխալ է։ Փաշինյանը Ռուսաստան է այցելում, զուգահեռաբար՝ ռուսամետ քաղաքական ուժերի եւ գործիչների հանդեպ Հայաստանում ճնշումները մեծանում են։ Սա՝ այն դեպքում, երբ ապրիլին Փաշինյանի հետ նախագահ Պուտինի հանդիպման ժամանակ Պուտինը հատուկ խնդրել էր խուսափել նմանատիպ միջադեպերից։ Սակայն դրանք շարունակվեցին թե՛ ընտրական պրոցեսում, թե՛ դրանց ավարտից հետո։ Ու դա հասկանալիորեն ակնարկ էր պարունակում իր մեջ, որ Պուտինի խնդրանքը Փաշինյանը որոշել է անտեսել։ Ընդհանուր առմամբ՝ Մարկեդոնովի հետ համաձայնելով կարծում ենք, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանի ձերբակալության եւ նրա շուրջ իրականացված պրոցեսները, որոնք ընթացան Ռուսաստան այցին սինխրոն, վկայում են մի բանի մասին՝ Փաշինյանը ցանկանում է պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Բայց ցանկանում է նաեւ հասկացնել, որ Մոսկվան միայն իր հետ պետք է գործ ունենա, իսկ ռուսամետ ուժերը միշտ գտնվելու են իր հարվածի տակ։ Նա պարզապես փորձում է Հայաստանում ռուսամետ ուժերի, այսպես ասած, լինելիությունը «վաճառել» Ռուսաստանին՝ իր հետ պայմանավորվելու դիմաց, եւ կարգավորել տնտեսական հարաբերությունները, ինքը դա կկարողանա Հայաստանի ներսում օգտագործել համապատասխան «փաթեթավորմամբ»՝ իր էլեկտորատի առաջ շարունակելով ներկայանալ որպես «կինոյի գլխավոր հերոս դուխով տղա, որը կարողացավ նույնիսկ Պուտինի հետ լեզու գտնել»։ Զուգահեռաբար նաեւ հասկանում է, որ, անկախ այն բանից, թե պառաված, «նեխած արիստոկրատ» Ֆոն դեր Լայենը կամ հանկարծ ծիրանի ջեմի սիրահար դարձած Մարթա Կոսը չեն կարողանալու լուծել իր խնդիրները։ Իհարկե՝ միլիարդներ կխոստանան, բայց կտա՞ն արդյոք՝ խիստ կասկածելի է։
Իսկ Հայաստանում ամբողջ տարին չէ, որ շոգ ամառ է։ Դեռ ձմեռ է գալու։ Աշխաբադից էլ գազի ներկրումը խիստ մշուշոտ հեռանկար է, հատկապես եթե նկատի ունենանք, որ այդ ներկրումները կարող են, ամենահամեստ հաշվարկներով, 1000 խմ-ի դիմաց 250 դոլար լինել, ու այդ դեպքում ներքին շուկայում Հայաստանի՝ հասարակ սպառողի համար գազի գինը կարող է դառնալ մինչեւ 200 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Առայժմ Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ է։ Բայց, որքան հայտնի է, իրավաբաններին Հայաստանի մասով ԵԱՏՄ առաջնորդների տված հանձնարարականը, ինչպես նաեւ՝ Հայաստանին ԵԱՏՄ առաջնորդների քառյակի կողմից փոխանցված՝ անդամակցության հետագայի մասին հանրաքվե անցկացնելու փաստաթուղթը դեռ ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ ՀԱՊԿ-ից Հայաստանի՝ այս տարեվերջին հնարավոր արտաքսման հարցը։ Ուժի մեջ է նաեւ Հայաստանի առնչությամբ ԵԱՏՄ-ում դեկտեմբերին կայացնելիք որոշումների հարցը։ Փաշինյանը կարող է, իհարկե, ասուլիսի ժամանակ ուզածն ասել՝ ռուսների հետ պայմանավորվածությունների մասով։ Բայց հո հասկանո՞ւմ է, որ Ռուսաստանում մեկ հոգի է «ասողը», ու դա Միխայիլ Միշուստինը չէ, այլ Վլադիմիր Պուտինն է։ Միշուստինն այդ առումով ֆունկցիոներ է։ Հանդիպումն էլ անշուք էր՝ անհամեմատելի Պուտին-Փաշինյան հանդիպումների հետ՝ նույնիսկ արտաքին «դեկորացիաների» մասով, չհաշված՝ կարգավիճակն ու արարողակարգը։ Մոսկվան էլ իր հերթին է ամեն բան շատ լավ հասկանում։ Ու նաեւ շատ համբերատար է, գիտի իր արժեքը, կշիռը եւ այլն։ Ու եթե թեկուզ շատ բարձր գնով էլ սա որպես վերջաբան հնարավոր լինի պայմանավորվել, հասկանալի է, որ դա մինչ այժմ եղած «բնականոն նորմալ հարաբերությունների պայմանավորվածություն այլեւս չի լինի»։ Նարեկ Հարությունյան



