Մոսկվան հազարավոր ներգաղթյալների է ռազմաճակատ...

Մոսկվան Կենտրոնական Ասիայից Ուկրաինայի հետ պատերազմին հազարավոր ներգաղթյալների է ուղարկում, որպեսզի քաղաքականապես ավելի ակտիվ մարդկանց ռազմաճակատ չտանի։ Դրա  մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը X-ի միկրոբլոգում։

Ըստ ամփոփագրի, ելույթ ունենալով 2024 թվականի հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում, Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները հայտնաբերել են 30 հազար ներգաղթյալների, որոնք վերջերս դարձել են Ռուսաստանի քաղաքացի և զինվորական հաշվառվման մեջ չեն։

Բաստրիկինը նաև պարծեցել է, որ նրանցից 10 հազարն արդեն ուղարկվել է Ուկրաինա։ Նա պնդել է, թե այս ներգաղթյալները խրամատներ են փորելու և թիկունքում զանազան  պարտականություններ են կատարելու։

Ըստ բրիտանական հետախուզության, ռուսական անկախ լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ անվտանգության ուժերը իրավական ոտնձգությունների արշավ են ձեռնարկում ներգաղթյալների, հատկապես՝ Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների նկատմամբ, փորձելով քաղաքացիության դիմաց նրանց մղել զինվորագրվել ռուսական բանակ՝ կամ խուսափել կեղծ մեղադրանքներով ձերբակալությունից:

«Սա, ըստ ամենայնի, ևս մեկ հնարամիտ միջոց է՝ խթանելու համար հավաքագրումը բանակ, միևնույն ժամանակ փորձելով սահմանափակել ազդեցությունը Ռուսաստանի քաղաքականապես ավելի ակտիվ բնակչության հատվածների վրա», - նշում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Կրեմլը ձգտում է խուսափել ժողովրդականություն չվայելող զորահավաքի երկրորդ ալիքից, երբ 2022 թվականի սեպտեմբերին 300 հազար ռուսաստանցիների զորակոչը խուճապ առաջացրեց և շատերին ստիպեց փախուստի դիմել երկրից։ Փոխարենը իշխանությունները փորձում են փողով մարդկանց բանակ գրավել։ Մոսկվան միաժամանակ ձգտում է ներգաղթյալներին ստիպել կռվել Ուկրաինայում։