Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին և ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակության անդամներին հորդորում է անպայման պատվաստվել Ճապոնիա մեկնելուց առաջ։
«Մենք մարզիկներին և մասնակից պատվիրակներին կոչ ենք անում օրինակ ծառայել ու հնարավորության դեպքում պատվաստվել։ Սա հզոր ազդակ կլինի առ այն, որ պատվաստումը վերաբերում է ոչ միայն սեփական, այլև՝ մյուս մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։
ՄՕԿ-ը նաև պայմանագիր է կնքել Pfizer և BioNTech ընկերությունների հետ, որոնք Օլիմպիական խաղերի մասնակիցներին կտրամադրեն պատվաստանյութեր COVID-19-ի դեմ։ Նշվում է սակայն, որ հենց այս պատվաստանյութերով պատվաստումը պարտադիր չէ։
Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաքում։ Հայաստանը Տոկիոյի խաղերի համար առայժմ 6 ուղեգիր է ապահովել։ Օլիմպիական ուղեգրեր են նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ինչպես նաև ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։



