Գրենլանդիան պետք է գտնվի ԱՄՆ-ի վերահսկողությա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի կրկին հայտարարել է, որ կցանկանար, որ Միացյալ Նահանգները վերահսկեր Գրենլանդիան՝ դա բացատրելով ամերիկյան անվտանգության համար դրա ունեցած ռազմավարական կարևորությամբ։

Միաժամանակ նա հավելել է. «Դա կվնասեր ՆԱՏՕ-ի հետ իմ հարաբերություններին»։

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Դանիան բավարար միջոցներ չի ներդնում Գրենլանդիայի զարգացման համար, և զգուշացրել է, որ կղզու դիրքը գնալով ավելի կարևոր է դառնում Արկտիկայի տարածաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի ներկայության ընդլայնման ֆոնին։

«Գրենլանդիան չի օգնում Դանիային, Դանիան փող չի ծախսում Գրենլանդիային իրապես օգնելու համար, սակայն Միացյալ Նահանգների համար դա կարևոր տարածք է։ Այն շրջապատված է չինական և ռուսական նավերով, և դա չի շարունակվելու»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Գրենլանդիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Դանիայի վերահսկողության տակ»,- եզրափակել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հրաժարվում էր բացառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, սակայն այս տարվա սկզբին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նա հիմնականում խոսում էր երկարաժամկետ համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Չնայած դրան, նրա վարչակազմի ներկայացուցիչները չէին բացառում ավելի կոշտ միջոցների դիմելու հնարավորությունը՝ պնդելով, որ Գրենլանդիան ԱՄՆ ազգային անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։