Հայաստանի խորհրդարանական ընտրություններից անցել է արդեն մեկ ամիս, սակայն մինչև այսօր Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Միջազգային քաղաքականության մեջ նման լռությունները սովորաբար պատահական չեն լինում։ Հատկապես այն դեպքում, երբ Փաշինյանն արդեն հասցրել է շնորհավորանքներ ստանալ արևմտյան երկրների ղեկավարներից, իսկ Կրեմլից շարունակում է հնչել միայն լռություն։ Ավելին՝ մինչ օրս չի կայացել նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպումը, թեև դեռ մայիսին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում էր, որ հունիսի կեսերին մեկնելու է Ռուսաստան և հանդիպելու է ՌԴ նախագահին։
Եկատերինբուրգում Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը ևս ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Եթե որևէ մեկը սպասում էր, որ գոնե Ռուսաստանի վարչապետը կլրացնի Կրեմլի լռությունը և կշնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ապա սխալվեց։ Միշուստինի խոսքում նման մի նախադասություն անգամ չկար։ Փոխարենը նա հայտարարեց, որ Ռուսաստանը «ակնկալում է, որ նոր Կառավարությունը, որը կձևավորվի ընտրությունների արդյունքներով, կապահովի մեր հարաբերությունների զարգացումը»։ Այսինքն՝ ոչ թե շնորհավորանք, այլ ակնկալիքների ցուցակ։
Դրան հաջորդեցին արդեն բաց տեքստով հնչող տնտեսական շեշտադրումները։ Ռուսաստանի վարչապետը հատուկ ընդգծեց, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, գլխավոր ներդրողը, հիշեցրեց ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներում և փաստացի հասկացրեց, որ Երևանը պարտավոր է ապահովել ռուսաստանյան ներդրողների իրավունքներն ու շահերը։ Դիվանագիտական լեզվում նման ուղերձները հաճախ նշանակում են մեկ բան․ հարաբերությունների հիմքում Մոսկվան այս պահին տեսնում է ոչ թե քաղաքական ջերմություն, այլ իր շահերի անվերապահ պաշտպանությունը։
Այս ամբողջ պատկերը դժվար է անվանել սովորական դիվանագիտական արարողակարգ։ Երբ ռազմավարական դաշնակցի ղեկավարը մեկ ամիս շարունակ չի շնորհավորում խորհրդարանական ընտրություններում հաղթած գործընկերոջը, չի ընդունում նրան բարձր մակարդակով, իսկ առաջին պաշտոնական հանդիպմանը նույնիսկ վարչապետի մակարդակով շնորհավորանքի խոսքեր չեն հնչում, դա արդեն քաղաքական ազդակ է։ Միջազգային հարաբերություններում երբեմն ոչ թե ասված խոսքերն են ամենակարևորը, այլ հենց չասվածները։ Իսկ այս դեպքում չասվածը շատ ավելի բարձր է հնչում, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։
Կրեմլը կարծես ընտրել է ամենացավոտ տարբերակը՝ ոչ թե բացահայտ հակամարտությունը, այլ ցուցադրական սառնությունը։ Այդ սառնությունն այսօր արտահայտվում է ոչ միայն լռությամբ, այլև հրապարակային վարքագծով։ Եվ որքան երկար պահպանվի այդ մոտեցումը, այնքան ավելի դժվար կլինի իշխանության համար հասարակությանը համոզել, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ բնականոն է։ Որովհետև դիվանագիտության մեջ կան իրավիճակներ, երբ մեկ չհնչած շնորհավորանքը կարող է ավելի ծանր քաղաքական ուղերձ լինել, քան տասնյակ կոշտ հայտարարությունները։



