
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի այցելել է Փենջաբ նահանգի հյուսիսարեւմտյան Ադամպուրի ավիաբազա, որտեղ լուսանկարվել է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի ֆոնին։ Ինչպես տեղեկացրել է The Times of India պարբերականը, Հնդկաստանի կառավարության ղեկավարն այդպիսով հերքել է Պակիստանի պնդումները Ադամպուրում С-400-ի ոչնչացման մասին եւ այդ պնդումները հաստատելու համար նրա տարածած կեղծ լուսանկարները: Ադամպուրի ավիաբազան ակտիվորեն օգտագործվել է Հնդկաստանի զինված ուժերի կողմից «Սինդուր» գործողության ընթացքում եւ եղել է պակիստանյան կործանիչների կողմից հրթիռային հարձակումների հիմնական թիրախը, նշել է պարբերականը։ Ավելի վաղ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սոֆյա Քուրեշին ամբողջությամբ հերքել էր Պակիստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները C-400 հակաօդային պաշտպանության համակարգի եւ հնդկական-ռուսական արտադրության BrahMos գերձայնային թեւավոր հրթիռների ոչնչացման, ինչպես նաեւ հնդկական վեց ռազմական օդանավակայանների վնասման մասին։ Հնդկաստանը 2018թ. ստորագրել է համաձայնագիր 5,43 մլրդ դոլարի С-400 ԶՀՀ հինգ դիվիզիոն գնելու մասին։ Ռուսաստանից ստացված առաջին «Տրիումֆ» հրթիռային համակարգը 2021թ. տեղակայվել է Փենջաբ նահանգում, Պակիստանի հետ սահմանին։