
Պակիստանի հետ Հնդկաստանի կնքած Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրն անարդար է և վնաս է հասցնում հնդկաստանցի ֆերմերներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հնդկաստանի անկախության օրվա առթիվ ելույթում:
«Մեր երկրի ժողովուրդը հստակ գիտակցել է, թե որքան անարդար և միակողմանի է Ինդոսի շուրջ պայմանագիրը: Հնդկաստանից սկիզբ առնող գետերի ջրերը ոռոգում են մեր թշնամիների դաշտերը, մինչդեռ իմ սեփական երկրի ֆերմերներն ու հողը տառապում են ծարավից և ջրի պակասից: Այդ համաձայնագիրն աներևակայելի վնաս է հասցրել իմ երկրի ֆերմերներին վերջին յոթ տասնամյակի ընթացքում: Այժմ ջրի իրավունքը պատկանում է միայն Հնդկաստանի ֆերմերներին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են պայմանագիր Ինդոսի ջրերի մասին, որը նախատեսում է ջրային պաշարների բաշխումը: Այդ համաձայնագրով Իսլամաբադը ստացել է վերահսկողություն հենց Ինդոսի և դրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից, բայց Հնդկաստանն ըստ պայմանագրի կարող է օգտագործել դրանց ջուրը հարակից դաշտերի ոռոգման և հարակից շրջանների բնակիչների կարիքների համար: Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սատլեջ գետերի նկատմամբ: Ըստ այդ համաձայնագրի՝ Նյու Դելին և Իսլամաբադը համաձայնության են եկել փոխանակել տվյալներ, ինչի նպատակով ստեղծվել է Ինդոսի հարցերով մշտական հանձնաժողով:
Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ինդոսի ջրերի շուրջ պայմանագրի անհապաղ դադարեցման մասին: Պաշտոնական Նյու Դելին Պակիստանի հետքն էր բացահայտել այդ ահաբեկչության մեջ, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:
Մայիսի լույս 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գործող ահաբեկիչների դիրքերին: Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել: Մայիսի 10-ին կողմերը հայտարարել են լիակատար հրադադարի մասին: