
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվեցին. Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը։ Միքայել Սրբազանին կարող են տեսակցել՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։
Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Զոհրաբյանը կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեցին, սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը։ Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։