
Շաբաթներ առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ դատախազությունը բաց է թողել այն ժամկետը, որով կարող էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանից բռնագանձել ապօրինի գույքը։ Խոսքը մոտ 350 մլն դոլարի գույքի մասին է։
Տեղեկատվությունը ստուգելու համար օգոստոսի 25-ին գրավոր հարցումով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն։
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ Գլխավոր դատախազությունը պարտավոր էր 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել մեր հարցերին կամ գրավոր տեղեկացնել, որ անհրաժեշտ է հավելյալ 30 օր՝ մեր հարցմանը պատասխանելու համար։
Այսօր արդեն 7-րդ աշխատանքային օրն է, բայց մենք այդպես էլ պատասխան չենք ստացել դատախազությունից։ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջը խախտող Գլխավոր դատախազությունը, ըստ էության, թաքցնելու բան ունի և, ինչպես ասում են, իրենց գցել է «դոդերի բաղչեքը», որպեսզի հանրության համար հասանելի չլինի ճշմարտությունը։
Ակնհայտ է, որ Գլխավոր դատախազությունը դատախազի գլխավորությամբ չէր կարող ինքնակամ որոշել բաց թողնել ժամկետը և այդ կերպ անձեռնմխելի դարձնել Միքայել Մինասյանի գույքը։ Սա քաղաքական որոշում է եղել, և այդ որոշումը կարող էր ու կայացրել է երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։