«Այն, որ Հայաստանի դատական համակարգում կան հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ, երկրորդ կարծիք, կարծում եմ, չկա»,-այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկումից հետո, որին ներկա էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի՝ այսօր հունիսյան նստաշրջանի վերաբերյալ արված արձանագրությանն ու վեթինգին՝ նշելով.
«Ես դատարանները արգելափակելու վերաբերյալ վարչապետի կոչից անմիջապես հետո կոչ-արձագանքով հանդես եկա, և կարծում եմ՝ ճիշտ էր իմ արձագանքը և տեղին: Անթույլատրելի էր, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք կոչ էին անում գնալ ու արգելափակել դատարնների մուտքերը, որովհետև յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ ունի կոնկրետ կարգավիճակ և կոնկրետ լիազորություններ, առավել ևս՝ դա խնդիր է ստեղծում դատական իշխանության անկախության հետ կապված»:
Թաթոյանն ասաց՝ ուզում է հատկապես նշել, որ իշխող խմբակցության պատգամավորները պետք է նկատի ունենան, որ իրենց արած ցանկացած հայտարարություն, որ առնչվում է այդ հարցերին, կարող է միջազգային կազմակերպությունը ընկալել որպես կառավարության թաքնված դիրքորոշում.«Դրա համար է նաև, որ ես գտնում եմ՝ այդ առումով մենք պետք է հստակ ունենանք տարանջատում թե՛ իրավասության, թե՛ կարգավիճակների առումով»:
Ինչ վերաբերում է տոտալ վեթինգից հրաժարվելուն, ինչի մասին Վենետիկի հանձնաժողովը խոսում է, ՄԻՊ-ն ասաց՝ պետք է հարցն ուղղել կառավարությանը.«Ես ընդամենը պետք է ասեմ, որ ինչ էլ լինի, մենք պետք է յուրաքանչյուր հարց քննության ենթարկենք, դիտարկենք գործող սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
Արման Թաթոյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով.
«Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը իմ անձնական ուշադրության ներքո է, և, առհասարակ, Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր հարցերը, որովհետև դա ՀՀ արդիական հարցերից է, և կոնկրետ դատավորների գործողություններին վերաբերող հարցերին, մտահոգություններին, իհարկե, տեղյակ եմ, նաև՝ տարբեր հարցերի հետ կապված Քոչարյանի պաշտպանական թիմի մտահոգություններն ինչպիսին են, բայց ես դրանց վերաբերյալ հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել, որովհետև դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը դիմել էր ինձ, որից հետո ես իր հետ խոսել եմ, քննարկել ենք հարցը և պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ ինձ գրավոր փաստարկներ կներկայացնի, որպեսզի ես էլ առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո հասկանամ՝ դա մեր իրավասությանը վերաբերու՞մ է, թե չէ»:
Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ այցելել է Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս պահման պայմանների հետ կապված մտահոգություններ չի ներկայացրել:



