ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված է, միջազգային հա...

Ես անձամբ այս իշխանության հետ հույսեր չեմ կապում: Մարտի 29-ի հանրահավաքի 12 կետանոց պահանջագրի մեջ նաև այդ հարցը կար, տոտալ անտեսում է եղել: Դրան հաջորդել է արտգործնախարարի մակարդակով և վերջերս նաև Փաշինյանի մակարդակով հայտարարությունը, որ վերադարձի մասին խոսելը խաղաղության սպառնալիք է, խաղաղությանն է սպառնում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ իշխանության՝ միջազգային ատյաններում արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցի բարձրացման հետ կապված:

«Եթե մարդն այս ընկալումը ունի, ես իրենից էլ ի՞նչ ակնկալիք կարող եմ ունենալ: Ես իր հետ խոսելու էլ ի՞նչ ունեմ։ Այսինքն՝ այո՛, գալիս ենք տրամաբանական եզրահանգման, որ ինձ համար, որպես արցախցի, իմ իրավունքների պաշտպանության համար այլընտրանք, քան իշխանափոխությունը՝ չկա», - նշել է նա։   

Ստեփանյանն ասել է, որ իր համար ունի հստակ «պլան-մինիմում», այն է՝ ձևավորել միջազգային հարթակ, որտեղ հնարավորություն ստեղծվի Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությամբ քննարկելու տարբեր հարցեր։ 

«Սա չկա և ցավով պետք է արձանագրեմ, որ նաև երեկ պարզ դարձավ, որ լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, թեև դե ֆակտո շատ երկար ժամանակ չէր գործում, բայց դե յուրե հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ձևավորված հարթակ», - նշել է Ստեփանյանը։