Միջազգային առաջատար ԶԼՄ-ները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել Ղարաբաղյան հակամարտության ներկայիս թեժացումը, լուսաբանելով զարգացումները։ Ընդհանուր առմամբ լուսաբանումները ինչպես վերլուծական հոդվածների տեսքով են, այնպես էլ հակամարտող կողմերի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունների։ Առավել շատ ներկայիս Ղարաբաղյան թեժացումը լուսաբանվում է ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, բրիտանական, գերմանական մամուլում, ինչպես նաեւ՝ թուրքական վրացական իրանական, ուկրաինական եւ ղազախական մամուլում։ Ընդհանուր տրամադրությունները, սակայն երկրից երկիր տարբերվող են։
Եթե օրինակ ռուսական եւ ամերիկյան մամուլում փորձ է արվում պահպանել չեզոքություն եւ հավասարաչափ հեռացվածություն հակամարտող կողմերից, ապա ֆրանսիական մամուլում հայամետ դիրքորոշումն ակնհայտ է իսկ ադրբեջանամետ դիրքորոշում՝ չկա, չնայած ամերիկյան մամուլում էլ, չափազանց խիստ հայացքով եթե նայենք, հայամետություն նկատվում է։ Ղազախական մամուլում օրինակ հետեւողական են հակամարտության խաղաղ կարգավորման կոչերում, ուկրաինական մամուլը ընդգծված ադրբեջանամետ է, ինչը հասկանալի է։ Ադրբեջանամետ է նաեւ իսրայելական մամուլի մեծ մասը, ինչը նույնպես հասկանալի է․ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, ստանում իր համար անհրաժեշտ նավթի 40 տոկոսը՝ Ադրբեջանից։
Իրանում նույնպես հրապարակումները չեզոք են, նաեւ կա քննադատություն եւ Ադրբեջանին ուղղված եւ Հայաստանին։ Սա էլ կարելի է բացատրել նրանով, որ Իրանի տարածքում ամենահզոր ազգային փոքրամասնություններից մեկը էթնիկ ադրբեջանցիներն են։ Սա բավական հետաքրքիր պատկեր է ուրվագծում, ցույց տալով ժամանակակից աշխարհում լրագրության դասական նորմերի պահպանման իրական վիճակը, նաեւ՝ հակամարտության հանդեպ պետությունների, ըստ սեփական շահերի, աշխարհաքաղաքական եւ այլ իրողությունների համատեքստում դիտարկումը։
Ի վերջո, օրինակ թուրքական մամուլից հայամետ կեցվածք ակնկալելը նույնն է, ինչ ակնկալել, որ Էրդողանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։



