Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրահրել է ն...

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ի գործողությունները, այդ թվում՝ չիպերի արտահանման վերահսկողության նոր կանոնները և ուսանողական այցագրերի չեղարկման սպառնալիքները, խախտում են Վաշինգտոնի և Պեկինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և վնաս հասցնում Չինաստանի շահերին: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրահրել է նոր տնտեսական և առևտրային տարաձայնություններ՝ խորացնելով երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների անորոշությունն ու անկայունությունը», - գործակալությունը մեջբերում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ այդ գործողությունները լրջորեն հակասում են մայիսին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխհամաձայնությանը։

Չինաստանի առևտրի նախարարությունում հայտարարել են, որ Պեկինը կատարել է համաձայնագրի իր մասը, իսկ ԱՄՆ-ն խախտել է պարտավորությունները։ Դրանց հետագա չկատարման դեպքում չինական իշխանությունները կարող են «վճռական միջոցներ» ձեռնարկել, ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 12-ին Ժնևում տնտեսական և առևտրային բանակցություններ են տեղի ունեցել Պեկինի և Վաշինգտոնի պատվիրակությունների միջև։ Արդյունքները դրական են գնահատել ինչպես Չինաստանի պետական ​​խորհրդում, այնպես էլ Սպիտակ տանը։

The Associated Press-ը հիշեցնում է, որ հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ն համաձայնել էր մայիսին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%: Ի պատասխան՝ չինական կողմը խոստացել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 125%-ից իջեցնել մինչև 10%:

Մայիսի 30-ին Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը խախտել է պայմանավորվածությունները: Ավելի ուշ նա նշել է, որ հույս ունի լուծել առևտրային խնդիրները ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Օրեր առաջ Թրամփի վարչակազմը հայտարարել է օտարերկրյա ուսանողների, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիների այցագրերի չեղարկման մտադրության մասին, ինչը Չինաստանի կողմից նույնպես ընկալվել է որպես իր շահերին հակասող: 

The Associated Press-ը նշում է, որ ԱՄՆ-ում սովորում է Չինաստանից ժամանած ավելի քան 275 000 ուսանող: