Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը պատրա...

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետը, ով Մինսկում մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունները կյանքի կոչելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետը նաև հավելել է, որ պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է։

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։